Արձագանքներ. Ռազմաքաղաքական ուսումնասիրությունների դպրոց (2013)

2013 թվականի դպրոցի ընդունելության մասին հայտարարության հրապարակումից հետո մասնակցության 74 հայտ ստացանք 18 տեղի համար։ Ավարտական վկայականներ ստացան ընդունվողներից միայն տասնվեցը։ Մեկ տարի անց՝ դպրոցի սաները պատմում են իրենց տպավորությունների մասին։

Տիգրան Մատինյան
ԵՊՀ, ծառայում է Զինված ուժերում

Տիգրան Մատինյան

Դպրոցն, անկասկած, կյանքիս շրջադարձային փուլերից էր։ Կարևորագույն ձեռքբերումս դպրոցից համարում եմ քարոզչությունը նկատելու, այն սովորական տեղեկատվությունից տարանջատելու, փաստերը հայտարարություններից տարբերելու ունակությունը։ Նաև շատ կարևոր եմ համարում արցախյան կոնֆլիկտի մասին դասախոսությունները, ռազմական ոլորտի մասին ստացած գիտելիքները։ Զարգացել է նաև գրելու և խմբագրելու հմտությունս։ Եւ իհարկե պետք է նշեմ մտերիմ ընկերական շրջապատը, որը ձեռք բերեցի դպրոցում։

Բարսեղյան Աննա
ԵՊՀ, քաղաքագետ

Աննա Բարսեղյան

«Զորակնում» մատուցվում է արտալսարանային համապարփակ մի դասընթաց, որը թույլ է տալիս ձեռք բերել այնպիսի գիտելիքներ և հմտություններ, որոնք մեծամասամբ չենք ստանում կրթական ոչ մի հաստատությունում: Այն ոչ միայն մեդիա ոլորտի պրակտիկ գիտելիքներ է տալիս, այլև ձևավորում է գիտական մտածելակերպ: Կարևորագույն ձեռքբերումներիցս է քննական մտածողության ձևավորումը, որը կիրառական է ինչպես կենցաղում, այնպես էլ կրթական և մեդիա ոլորտներում: Այս գիտելիքները նպաստել են մասնագիտական կայացմանը, մեդիա գրագիտության բարձրացմանը, ինչն այսօր կիրառում եմ` որպես լրատվական դաշտի ներկայացուցիչ:

Մելիքսեթյան Հասմիկ
ԵՊՀ, լրագրող

Հասմիկ Մելիքսեթյան

Մինչև Զորակն գնալս հետաքրքրվում էի բանակային թեմաներով, բայց ոչ մի լուրջ բան չգիտեի: Իսկ Զորակնում ես ոչ միայն իմացա, թե ինչ առավելություններ ու թերություններ ունի մեր բանակը, այլ նաև ծանոթացա մեր սպառազինությանը: Սկսեցի իրարից տարբերել տանկն ու հետևակի մարտական մեքենան, հրազենային զենքերը: Ամենակարևորը սովորեցի տարբերել փաստերն ու հայտարարությունները, ինչպես նաև սկսեցի տիրապետել կառուցողական բանավեճին:

Միշտ ասում եմ, որ այն գիտելիքները, այն փորձը, որ այդ միջավայրում ստացա, ոչ մի այլ տեղ չեմ ստացել: Իմ կյանքը բաժանվում է երկու մասի` 2013 թվականի Հունվարի 28-ից (Դպրոցի դասերի մեկնարկ) առաջ և հետո: Ամենակարևորը դասն այն էր, որ մեր «երկիրը երկիրա» ու եթե ինչ-որ բան որոշել ես անկախ ամեն ինչից կարող ես իրականացնել:

Էթերի Այվազյան
ԵՊԼՀ, լեզվաբան

Էթերի Այվազյան

Դպրոցում ձեռք բերեցի տեսական գիտելիքներ, իսկ հանձնարարությունների շնորհիվ՝ դրանք կիրառելու գործնական հմտություններ: Սովորել եմ աշխատել տեղեկատվության հետ, ծանոթացել Հայաստանի ռազմաքաղաքական խնդիրներին։ Վերլուծական բնույթի առաջադրանքներն օգնել են ձեռք բերել նոր մասնագիտական որակներ։ Ստացածս գիտելիքներն օգտակար են նույնիսկ առօրյայում. կարողանում եմ հարցերին վերլուծական մոտեցում ցուցաբերել, խնդիրը դիտարկել տարբեր կողմերից։

Գարիկ Հարությունյան
ԵՊՀ, լրագրող

Գարիկ Հարությունյան

Սովորել եմ գրագետ աշխատել մեդիայի հետ, ստուգել ինֆորմացիան, զտել քարոզչությունը փաստերից։ Դպրոցը թույլ տվեց պատկերացնել Հայաստանի խնդիրները մեր տարածաշրջանում, դրանց քաղաքական, տնտեսական, պատմական ու աշխարհագրական պատճառները, ինչպես նաև սովորեցրեց լուծման ուղիներ փնտրել։ Հասկացա, որ պատերազմները մեր տարածաշրջանում երբեք չեն վերջանում, այլ ժամանակավոր «սառում են», այնուհետև կրկին «տաքանում», ինչի պատճառով պետք է անընդհատ պատրաստ լինել պատերազմի։

Դպրոցից սովորել եմ նաև զենքի ու ռազմական տեխնիկայի օգտագործման «տրամաբանությունը», թե օրինակ ինչու է Հայաստանին այս զենքը պետք, իսկ մյուս զենքը անիմաստ կլինի ունենալ։ Եվ այս ամենն արդեն կիրառում եմ՝ որպես ռազմական ոլորտը լուսաբանող լրագրող։ Հետևում եմ զենքի համաշխարհային առևտրին ու արդեն պատկերացնում եմ, թե կոնկրետ պետություններ ինչու են այս կամ այն զինատեսակը գնում, և արդյոք այդ զինատեսակը պետք կլիներ մեր պետությանը։

Սովորածիցս շատ բան արդեն կիրառում եմ ինքնաբերաբար, ու թվում է, թե միշտ էլ այդպես է եղել։

Կարևոր են նաև այն կապերը, որոնք ձեռք եմ բերել դպրոցի ուսանողների ու դասախոսների հետ, քանի որ իրար կես բառից հասկանալը թույլ է տալիս համատեղ խնդիրներ լուծել ու օգնել միմյանց։

Գլխավոր լուսանկարում՝ դպրոցի սան Աննա Կարապետյան,
ճանաչողական այց Տավուշի սահմանապահ գոտի, 25 հոկտեմբերի, 2013

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *